Թուրքիայի մեջլիսում թիվ մեկ ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Բիգեն Քելեշը եւ կուսակիցներն իրենց ստորագրություններով մի առաջարկ են ներկայացրել թուրքական մեջլիս: Ժողովրդահանրապետականները պահանջում են, որ օրենսդիրը խորհրդարանական ուսումնասիրություն անցկացնի Անկարայի արտաքին քաղաքական կուրսի մասին, քանի որ վերջին 8 տարվա ընթացքում բացասական զարգացումներ են տեղի ունեցել Թուրքիայի եւ ԵՄ, Միացյալ Նահանգների, Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Իրաքի եւ Իսրայելի հետ հարաբերություններում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Dunya լրատվական կայքը: Առաջարկվում է այդ ուսումնասիրման գործընթացում ներգրավել նաեւ գիտնականների եւ արտգործնախարարության ներկայացուցիչների` պարզելու համար, թե ինչու է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չգոհացնող արդյունքներ արձանագրում: