Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է, որ հունիսի 3-ին «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում բարեգործական հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Հավաքված գումարը կուղղվի ակումբի` Աֆրիկայում գտնվող նախագծերից մեկի իրագործմանը:
Այդ լուրը մեծ դժգոհություն է առաջացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչպես նաև «Բարսելոնա»-ի և Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ղեկավարների շրջանում: Մայիսի 25-ին կայանալու է Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչը` վերոգրյալ ակումբների միջև, որը ֆեդերացիան ցանկանում էր անցկացնել «Ռեալ»-ի մարզադաշտում՝ դրա մեծ տարողունակության պատճառով:
Մադրիդյան թիմը, սակայն, մերժել էր` պատճառաբանելով, որ մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո սկսվելու են մարզադաշտի վերանորոգման երկարատև աշխատանքները: Այդ հայտարարությունից հետո ԻՖՖ-ի որոշմամբ «Սանտիագո Բեռնաբեո»-ին փոխարինել էր «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում Մադրիդի «Ատլետիկո»-ն:










































