Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե կա մեկը, որ համակրում է և սրտանց ուզում է, որ Սերժ Սարգսյանի մոտ ստացվի, Ռոբերտ Քոչարյանն է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, քարոզարշավի վերջին շաբաթն է: Կարծես այսօր կարող ենք արդեն մեր մտապատկերում ուրվագծել այն՝ ինչը ունենալու ենք մայիսի 6-ից հետո: Կցանկանայի` խոսեիք հետընտրական զարգացումների մասին. ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու, որքանո՞վ է այն լինելու կենսունակ, սպասարկելու և արտահայտելու մեր հասարակության շահերը:

– Հետընտրական զարգացումները, որպես կանոն, լինում են նախընտրական քարոզարշավի ժամանակ ձևավորված պրոցեսների տրամաբանության մեջ: Դրա համար ճիշտ կլինի նախ բնութագրել, թե ինչպիսին է ընտրարշավն այսօր, արդյոք այն տարբերվում է նախորդներից, և այդ տարբերությունը որքանով կազդի հետընտրական զարգացումների վրա: Ես կարծում եմ, որ այս ընտրարշավը տարբերվում է մյուս բոլոր ընտրարշավներից, եթե կարելի է այդպես ասել, քաղաքական կոռեկտության կանոնների պահպանմամբ: Մենք ականատես ենք լինում հիմնական խաղացողների կողմից կոռեկտ լինելու չգրված կանոնների պահպանման ձգտմանը: Թեպետ առանձին բացառություններով տեսնում ենք, որ ցեխ շպրտելով փորձում են սեփական վարկը բարձրացնել, բայց վստահ կարող ենք ասել, որ դա դոմինանտ չէ: Հանրությունը երկփեղկված չէ: Միջանձնային հարաբերությունները այնքան էլ քաղաքականացված և կուսակցականացված չեն: Մարդիկ կարող են հանգիստ միմյանց հետ հաղորդակցվել: Այնպիսի լարվածություն ինչպիսին կար 2007-2008թթ.` այսօր չկա: Ես սա նախևառաջ վերագրում եմ հիմնական խաղացողների, դերակատարների ընտրական գործընթացի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին: Նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ սեփական վարկանիշը բարձրացնելը դիմացինին սևացնելը չէ: Պայքարի այդ մեթոդին դիմում են այն կուսակցությունները, որոնք կարծում են, որ իրենց սպասելիքները չեն կատարվի և դիմում են այդ քայլին: Բարեբախտաբար, հանրային գիտակցության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Ամենաազդեցիկ քաղաքական ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՕԵԿ, ՀՅԴ, նրանք հիմնական խաղացողներն են: Նրանք իրենց մարտավարությունը կառուցել են հանրության մոտ սեփական վարկը իրենց խոստումներով, անցած ուղիով, վստահության փաստարկներով բարձրացնելով: ՀԱԿ-ը կարծում եմ հայտնվեց իր իսկ լարած որոգայթի մեջ: Նա դառնում է իր ընտրած ռազմավարության և մարտավարության զոհը: Մի բան ակնհայտ է, հանրային գիտակցության մեջ ամրապնդվել է, որ շատ լուրջ փոփոխություններ են հարկավոր, այլևս այսպես հնարավոր չէ: Բայց սա չի նշանակում, որ այսքան թոշակով կամ աշխատավարձով այլևս հնարավոր չէ: Նրանք ցանկանում են որակական փոփոխություններ: Մարդիկ տրտնջում են կաշառակերությունից, հովանավորչությունից, արդարության և բարոյականության դեֆիցիտից, որն ավելի կեղեքիչ է և ճնշող:

– Բայց չէ՞ որ այդ ամենը այս իշխանության պրոդուկտն է: Վերարտադրվելով իշխանությունը կկարողանա՞ վերափոխել ստեղծված իրավիճակը:

– Մեր իրականության դեֆորմացիան արդեն 20 տարի է մեզ հետ քաշ ենք տալիս: Քաղաքական ուժեր կան, որ այնպես են ներկայանում, որոնք են այս ամենի կնքահայրը: Բայց ոչ ոք իրավունք չունի քննադատելու նրանց: Քաղաքացիները գիտակցում են, որ որակական փոփոխությունները շատ հարկավոր են: Ժողովուրդը հավատալ է ուզում, որ հնարավոր է նվազեցնել կաշառակերությունը, նվազեցնել հովանավորչությունը, բարձրացնել կյանքի որակը, պայմանները: ՀՀԿ ծրագիրը այս առումով տարբերվում է: Կա որակական փոփոխությունների առաջարկ: Այստեղ անկյունաքար է հանդիսանում ոչ թե մարդը պետության համար, այլ պետությունը` մարդու համար: Եթե մյուս կուսակցությունները առաջարկում են ձուկ, նա առաջարկում է ձուկ բռնելու մեթոդ: Նրանց ծրագրի մեջ կա նաև կրթությունը բոլորին հավասար դարձնելու դրույթը: Սա շատ լուրջ խնդիր է: Սոցիալական անարդարության պատճառն այն է, որ հասարակության ոչ բոլոր շերտերն են համապատասխան կրթված: Կրթական մակարդակ չունենալն առաջացնում է լրջագույն խնդիր: Այսօր թատերաբեմում անհայտ քաղաքական ուժեր չկան: Բոլորին ճանաչում են և արածով, և չարածով: Բոլորն են խոստանում, բայց ում վստահել:

Եթե մենք մեր 20-ամյա գործունեությունը փորձենք վերլուծել տնտեսական հնարավորությունների, տնտեսական կարողությունները մոբիլիզացնելու, հանրային կյանքը աշխուժացնելու տեսանկյունից, ապա կտեսնենք, որ այն 2 խոշոր փուլի կարող ենք բաժանել: Մինչև 2000 թվական և 2000 թվականից հետո: Կտեսնեք, որ 2000 թվականից այս կողմ, երբ Քոչարյանն էր նախագահը և քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ ն էր, մեզ մոտ տեղի ունեցան էական դրական տեղաշարժեր: 2000-2001թթ. մենք ունեինք արտագաղթի իներցիայի ինչ-որ տեմպ, 2004-ին ունեցանք դրական տեղաշարժ: 2000 հոգուց ավելի եկել էր, քան գնացել էր: 2005 + 12000, 2006-ին + 27 հազար: Հանրապետական կուսակցությունը բոլորին ներկայացրել է դրական պայմաններ: Նա կարող է հանրության հանրային կյանքը կազմակերպել դեպի վերելք: Սրան հաջորդեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, բայց ճգնաժամի պայմաններում կարելի՞ էր սպասել որևէ իշխանությունից հրաշքներ:

– Բայց ճգնաժամի հետևանքները ավելի մեղմ կլինեին, եթե 2000 թվականից ի վեր տնտեսության մեջ բուն դրած չլինեին արատները և չստեղծվեր տնտեսական այն համակարգը, որ այդ տարիներին էր հաստատվել: Այդ համակարգի պտուղն է, որ մենք այսօր ունենք տնտեսական այպիսի ծանր վիճակը: Որովհետև մենաշնորհային տնտեսությունն այդ տարիների է խորացել, որը պետք է վերացնել:

– Մեր անկախության շենքի հիմնաքարերը դրվեցին շատ անորակ և ծուռ: Տնտեսական վերելքի պայմաններում ՀՀ իշխանությունն այնքան էլ չէր մտածում որակական փոփոխությունների մասին: Հանրային կյանքի մասին: Այս ճգնաժամը ցույց տվեց, որ այսպիսի ժառանգությամբ հաղթահարել ճգնաժամը և պատրաստվել մյուսին անհնար է: Տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մեր համար մեկ ոլորտը պետք է դառնա գյուղատնտեսությունը: Որովհետև աշխարհը կանգնում է պարենային ապահովվածության լրջագույն մարտահրավերի առաջ: ՀՀԿ-ին այս անգամ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հաջողվեց խուսափել անհամեմատ ծանր հետևանքներից: Սա միայն իմ գնահատականը չէ: Այսպես են նշել նաև Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Մենք չենք կարող ասել, որ եսիմ ինչ աճեր ապահովեցինք, բայց չունեցանք շատ կորուստներ: Մեզ հաջողվեց ոչ միայն շատ չկորցնել, այլ դրական տեղաշարժեր արձանագրել: Այս նույն ժամանակահատվածում կառավարությանը հաջողվեց արտահանման նոր ճյուղեր ունենալ:

Եթե մենք փորձում ենք այդուհանդերձ թատերաբեմում վերլուծել ուժերը, ապա կարող ենք ասել, որ հանրային նավը կարող է առանց մեծ ալեկոծությունների առաջ տանել ՀՀԿ-ն և նրա առաջնորդը: Կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածի, որ ՀՀԿ-ն փորձում է մեր հանրային իրականությունը մոտեցնել եվրոպականին: ՀՀԿ-ն անդամակցել է եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը: Արդյոք այս ամենը բավարար հիմքեր չե՞ն, որ վստահենք նրանց:

– Պարոն Հարությունյան, ես չեմ հավատում նախընտրական ծրագրերին: Չեմ կարծում, որ իշխանությունը ընդունակ է լինելու գլխատել տնտեսական մենաշնորհը, որը կեղեքում է երկիրը: Ես կարծում եմ, որ առանց համակարգային ֆունդամենտալ փոփոխությունների մեր երկիրը դատապարտված է:

– Այդ մագիստրալ քաղաքական գիծը կարող է կենսունակ դառնալ միայն մեկ պարագայում, եթե նա ստանա, պաշտպանվի հանրության ճնշող, տպավորիչ մեծամասնության կողմից: Այսինքն` այստեղ ՀՀԿ-ն, ընդամենը կանխատեսելով պատմական հնարավոր զարգացումները, անթաքույց նախաձեռնում է մեր արժեհամակարգային պատմական բնօրրան վերադառնալու խնդիրը: Այս քաղաքական կուրսը ուղղված չէ որևէ մեկի դեմ, սա ուղղված է հանուն մեր երեխաների ապագայի: Այս քաղաքական կուրսը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այս քաղաքական կուրսը ուղղված չէ Ադրբեջանի, Իրանի կամ Թուրքիայի դեմ, հանուն Հայաստանի է, և սա շատ բնական է : Եվ անկեղծ ասած` ես հպարտ եմ: Առանց չափազանցնելու ասեմ` ես ինքս` Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, իմ մեջ կրում եմ քրիստոնեադեմոկրատական ողջ արժեքները, իսկ այդ քաղաքական միտքը, գաղափարը եվրոպական է, ընդ որում՝ հետպատերազմյան Եվրոպայում միանգամայն բռնել է պատմության քննությունը, և ես համոզված եմ, որ քրիստոնյա Հայաստանի ապագա քրիստոնեադեմոկրատական կյանքի հանրային կոնցեպտն է, որի մի անկյունաքարային դրույթ այժմ իրականացվում է ` ոչ թե մարդն է պետության համար, այլ` պետությունն է մարդու համար: Մենք բոլորս կերտում ենք մեր անկախ պետությունը, որ այն օգտագործենք մեր արժանավայել կյանքը կառուցելու համար: Ի դեպ, ես պետք է ասեմ, որ Ռուսաստանը ինքն էլ է եվրոպական երկիր: Ռուսաստանը Գլինկան է, Ռուսաստանը Չայկովսկին է, Բորոդինը, չէ՞ որ Ռուսաստանը ինքն էլ մինչև 19-20-րդ դարի սկիզբը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն էր: Մենք հիշում ենք, որ եվրոպական լավագույն երաժիշտները պետք է անպայման ռուսական կայսերական տանը քննություն անցնեին, որպեսզի կարողանային Եվրոպայում ճանաչվել: Ես կարծում եմ` այս ուղղությունը նաև Ռուսաստանինն է, ավելին՝ եթե դուք հիշում եք, նախընտրական քարոզարշավի ժամանակ Պուտինը խոսեց Եվրամիություն-Ռուսաստան հնարավոր երկարաժամկետ քաղաքական ալյանսի մասին, և եթե Ռուսաստանը իրոք ուզում է երկարաժամկետ ուժային կենտրոն ունենալ, ապա այն անհամեմատ ավելի հաջող կարող է իրականացնել միայն ու միայն Եվրոպայի հետ: Մնացածը, իմ պատկերացմամբ, բարի ցանկություններ են, որոնք հեռանկար չունեն: Նույն Ռուսաստանի ապագան Եվրոպայի հետ երկարաժամկետ, հզոր, փոխշահավետ համագործակցության մեջ է, և կյանքը տանելու է այդ ուղղությամբ, այլապես Ռուսաստանը կարող է շատ բան կորցնել:

Հիմա այս կոնտեքստում, կրկնում եմ, մենք մեր եվրոպական արժեհամակարգին դավանելով՝ չենք շրջվում մեջքով մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ընդհակառակը, մենք պատրաստ ենք խորացնել այդ տնտեսական հարաբերությունները, ավելին, ես կարծում եմ` այդ նույն Ռուսաստանի շահերից է բխում, որ ինքը դառնա և ժողովրդավար, և այնքան հզոր, որ շատերը այդ դուռը թակեն, այլ ոչ թե ինքը զոռով… Սա է ձևը, ես կարծում եմ` քաղաքական միտքը վաղ թե ուշ հաղթելու է, որովհետև սա շատ օբյեկտիվ է և բխում է բուն ժողովրդի շահերից: Մնացած զարգացումները կամ ժամանակավոր են, կամ մի փորձ է, որ հետագայում կարելի է: Մի բան կա` ԱՊՀ-ն լուրջ բարեփոխումների կարիք է զգում: ԱՊՀ-ն իր պատմական առաքելությունը լավագույնս իրականացրեց, որովհետև նա հնարավորություն տվեց այդ կայսրության փլուզման պրոցեսը դարձնել ավելի նորմալ, հանգիստ, քաղաքակիրթ, և եթե կարելի է ասել, քաղաքական ապահարզանները տեղի ունեցան ոչ այդչափ ցավալի: Բայց նրա ռեֆորմացիան, որքան ես եմ կարողանում հասկանալ, Եվրասիական միությունը չէ:

– Գագիկ Ծառուկյանը հնարավոր է տեսնում ապագայում ընտրություններից հետո նոր կոալիցիա ՀՀԿ հետ, Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի ընդհանրություն: Նույնիսկ Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո:

– Ես տեսնում եմ: Ճիշտն ասած, ես չեմ լսել կուսակցության ակտիվ և ամենաազդեցիկ դեմքերի արձագանքը Օսկանյանի վերաբերյալ, փոխարենը լսել եմ, որ դա նրա կարծիքն է: Սա ինձ մտահոգում է, բայց նույնիսկ Օսկանյանի` իմ կողմից շատ հարգված քաղաքական դեմքի առկայությունը այդ քաղաքական ուժի մեջ, արդեն խոստումնալից է: Ես ենթադրում եմ, որ այդ հարցադրումները, որոնք, ի դեպ, Օսկանյանինը չեն, այսօր ՀՀԿ-ն, և վարչապետը, և ԱԺ նախագահը, և ՀՀ նախագահը այդ նույն հարցադրումների սերտաճումը իշխանության քաղաքական և տնտեսական օլիգարխիայի մասին տնտեսական հարցերում նույնչափ ինտենսիվությամբ խոսում են: Ավելին` ես ձեզ կարող եմ ասել. տեսեք, Օսկանյանը արդարացիորեն մի գաղափար է զարգացնում` հնարավոր կառավարության գաղափարը, որը անկեղծ ասած, ես գտնում եմ շատ ճիշտ, որովհետև ինքս 2000 թվականից սկսած` այդ մասին խոսում եմ:

Մենք գտնում ենք, որ ընտրությունների արդյունքում մարդիկ ոչ միայն վստահում են քաղաքական որևէ ուժի խոստումները կատարելուն, այլ քաղաքական ուժը նախ պետք է ներկայանա իր խոստումները կատարելու ունակ կառավարության կազմով: Ոչ թե գա իշխանության, մեկին վարձի, որպեսզի վարչապետ աշխատի: Օրինակ՝ ՀՀԿ-ն որևէ խնդիր չունի, հենց հիմա իր ապագա կազմը հայտարարել է: Այսօր հանրության լավագույն ուժերը, այդ թվում` մասնագիտական որակներ ունեցող քաղաքական և քաղաքացիական ուժերը չէ, որ ներգրավված են կուսակցություններում: Որպես կանոն, դրանց մի ստվար զանգված կուսակցություններից դուրս է, իսկ նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք կարող են լինել վարչապետ, շատ լավ նախարարներ, հետևաբար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի այդպիսի մարդիկ հայտնվեն կուսակցություններում, ավելին՝ կուսակցության ղեկավար կազմը ինքը փնտրի նրանց: Ես ժամանակին Վարդան Օսկանյանին էլ եմ ասել այդ մասին: Մենք պետք է ընդունեինք օրենք` կառավարության ձևավորման մասին ու գրեինք մի բան, որ կառավարությունը ձևավորվում է ԱԺ-ում ձևավորված մեծամասնության կազմից: Տեսեք, այդ մեծամասնությունը կամ բոլոր նրանք, ովքեր հավակնում էին լինել ազդեցիկ, ոնց էին վազում գտնելու իրենց ապագա հնարավոր գյուղնախարարներին, վարչապետներին և այլն, և այլն, ընտրությունների ժամանակ ասեին` խնդրեմ, սրանք են իմ կազմը: Տեսեք, լրատվամիջոցների գործը ինչքան կհեշտանար: Խնդրեմ, ազդեցիկ կուսակցություններ, ձեր ապագա առողջապահության նախարարներին հրավիրեք, կգային, կնստեին, կսկսեին խոսել, մենք ձեզ հետ միասին կհասկանայինք` այս մարդկանցից ում կարելի էր վստահել առողջապահությունը, ում կարելի էր վստահել գյուղատնտեսությունը: Համաձայնեք, որ նախընտրական ընտրապայքարը որակապես այլ էր դառնալու: Դառնալու էր շատ առարկայացված և համակարգված, և ամենակարևորն է` կուսակցություններն էին պատրաստված լինելու: Այսօր, ցավոք սրտի, այդպիսի բան չենք կարողանում անել, բայց շատ ուրախ եմ, որ Օսկանյանը պաշտպանում է իմ թեզերը:

– Դե օրինակ, օլիգարխիայի պարագայում, պարագլուխներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, խոսում է միջին և փոքր բիզնեսի առողջացման մասին, մյուս կողմից, նույն խնդիրները բարձրացնում է նաև ՀՀԿ-ն, որի համամասնական ցուցակում բուն են դրել խոշոր օլիգարխներ: Ի՞նչն է պատճառը, որ մեզանում միջին և փոքր բիզնեսը չի կայանում: Դրա պատճառն այն չէ՞, որ վարչապետը կամ այլ ոք չի ուզում, դրա պատճառն այն չէ՞, որ օլիգարխները թույլ չեն տալիս: Հարց է առաջանում, երբ այս ազդեցիկ կուսակցությունները կարծես թե զերծ չեն նման ուղեկցողներից, ինչպե՞ս պետք է սա իրականություն դարձնենք:

– Այս տեսակետից ինձ համար շատ ավելի իրական է թվում ՀՀԿ-ն, որի լիդերը օլիգարխ չէ, քաղաքական դեմք է, որը հավակնում է անդամագրվել եվրոպական քաղաքական ակումբին:

– Բայց ցուցակում լուրջ խնդիրներ կան:

– Ճիշտ եք ասում, ես ասել եմ` այդ կուսակցության հետ ուղղակի առնչություններ ունեցող հայտնի դեմքերը վաղը չէ մյուս օրը կկանգնեն ընտրության առջև, կամ կկատարեն հանրային պահանջը, կամ կհայտնվեն լուսանցքում: Դա արդեն իրենց ընտրելու խնդիրը կլինի:

– Դուք 98 թվականի իշխանափոխության մեջ առանցքային դերակատարություն եք ունեցել, եղել եք ԱԺ նախագահը, այսօր կարծես թե մենք ունենք նման իրավիճակ, երբ երկրորդ նախագահը կարող է հայտ ներկայացնել` վերադառնալու մեծ քաղաքականություն, և դրա համար կան նախապայմաններ, այսօր կան ռուսական շահը սպասարկող քաղաքական ուժեր, որոնք կարող է ինչ-որ պահի Ռոբերտ Քոչարյանի համար ծառայել վերադառնալու հարթակ և բազիս: Ձեր ընտրությունը՝ որպես այդպիսի գործիչ:

– Անկախ նրանից` իմ դերակատարումը վճռական է եղել, թե ոչ, առաջինը ես մտածում եմ, որ մեր ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ռուսական ուժը սպասարկելու գաղափարից, մենք վաղուց պետք է հասկանանք` եթե այդպիսին կա, հակասահմանադրական է այդ ուժը և իսկույն պետք է փակենք: Մեր հանրության գիտակցության մեջ, որը դեռ չի արթնացել լիարժեք, անընդհատ թարմ ենք պահում, որ դուք անկարող եք:

– Առնվազն երեք քաղաքական ուժի մասնակցությունը առաջիկա ընտրություններին ուզում եք բացառել:

– Հա, գիտեք, բայց համաձայնեք, որ ես ճիշտ եմ, եթե որևիցե մեկը կկանգնի ու միանշանակ կասի, որ այո, ես գումար եմ ստանում, ես սպասարկում եմ այդ շահը, ես առաջինը ոտքի կկանգնեմ: Որովհետև սա ուղղակի դավադրություն է պետության, հանրության դեմ:

Նախ` ասեմ, որ Քոչարյանն էլ է այսօր ակտիվ քաղաքականության մեջ: Քոչարյան-Սարգսյան քաղաքական տանդեմը դա միայն համախոհների, մտերիմների տանդեմ չի եղել, որովհետև այդ զույգը շատ բարդ, շատ ծանր ճանապարհ է անցել: Եթե մեկը Սերժ Սարգսյանի համար ցավում է, նույնն էլ Քոչարյանի համար է, որովհետև դա իր մարտական, քաղաքական գործընկերն է, այն մարդն է, ով Քոչարյանի կողքին է եղել ամենածանր պահերին: Հարց է առաջանում` ինչո՞ւ պիտի Քոչարյանը չցանկանա, որպեսզի Սերժ Սարգսյանի մոտ ստացվի՝ սա մեկ: Ես գտնում եմ, որ եթե կա մեկը, որ համակրում է և սրտանց ուզում է, որ Սերժ Սարգսյանի մոտ ստացվի, Ռոբերտ Քոչարյանն է: Այդուհանդերձ, որ դեպքում Ռոբերտ Քոչարյանը թե բարոյական, թե քաղաքական իրավունք կունենար ավելի ակտիվանալու: Այն դեպքում, երբ որ համոզվի, որ իր բարեկամի մոտ ոչինչ չի ստացվում և գալու է փրկելու ոչ միայն իրավիճակը, այլ նաև` բարեկամին: Այսօր ավելի քան այդ դեպքը չի՝ ոչ միայն օտարների գնահատմամբ, այլ նաև մեր` ներկաներիս: Համաձայնեք, որ Հայաստանը երբևէ այսքան վստահելի արտաքին գործընկերոջ համբավ չի ունեցել: Նրան հաջողվեց զուսպ, մեծագույն հավասարակշռություն դրսևորելով, մեծագույն պատասխանատվությամբ սեփական ժողովրդի նկատմամբ, հանրային կյանքը կամաց, զգուշորեն դուրս բերել այդ վիճակից: Պետք է դուք համաձայնեք, որ մենք այսօր մարտի 1-ով չենք ապրում: Թե արտաքին, թե ներքին կյանքում նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը, եթե կուզեք, նախագահ Քոչարյանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր:

Իմ պատկերացմամբ՝ եթե փորձենք մեր երեք նախագահներին վերլուծել, ապա նրանցից յուրաքանչյուրը ունեցել է պատմական առաքելություն: Եվ մենք նրանց գնահատելիս պետք է գնահատենք` արդյոք հաջողվեց այդ առաքելությունն իրականացնել:

90-ականներին կանգնած էինք անկախ պետականության շենքը կառուցելու խնդրի առջև: Տեր-Պետրոսյանի խնդիրը հիմքերը գցելն էր, ընդ որում` նա այդ հիմքերը պետք է գցեր` չունենալով համապատասխան գիտելիք, փորձ, ընդ որում` բոլորս չունեինք այդ փորձը: Ես կարծում եմ` մեծ իմաստով հաջողվեց, ոչ միայն պատերազմը հաղթեցինք, այլ նաև ընդունվեց Սահմանադրություն, սկսեցինք ընտրություններ անցկացնել, իր բոլոր թերություններով հանդերձ՝ սա պետք է դրական գնահատել:

Եկավ Քոչարյանը, նա պետք է տանիքն ամրացներ: Սկսեց զարգացնել ենթակառուցվածքները: 1412 դպրոց ունեինք, ոչ լաբորատորիա, ոչ գրադարաններ կային: Նա մի քիչ էլ հիմքերն ամրացրեց:

Եկավ Սերժ Սարգսյանը: Շենքում ապրելու համար եվրոռեմոտն է պետք: Նրա խնդիրն ավելի բարդ է, հիմա նա զբաղված է դրանով: Մենք պարտավոր ենք մեր այս քսանամյա պատմության մեջ առաջնորդվել դրականով, որովհետև նույնիսկ 50 տարի հետո, երբ որ ամենազարգացած պետություններից կլինենք, մեր իրականության մեջ նորից կլինեն բացասական երևույթներ, որոնք կկեղեքեն, կոռոզիայի կենթարկեն մեր առօրյան: Բայց ապագայի տեսլականը պետք է կառուցենք մեր դրականով: Այս 20 տարիների ընթացքում ձեռքբերումներն անհամեմատ ավելի մեծ են, քան բացթողումները: Սխալները քաղաքական կամքով են պայմանավորված, մենք փոփոխությունները կտեսնենք:

Դա մեկ օրվա մեջ և կախարդական փայտիկով չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում