Երևանում արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Բողոքում են փողոցային առևտրով զբաղվողները և մանր առևտրականները: Առաջինները բողոքում են փողոցային առևտրի արգելման մասին քաղաքապետարանի որոշման դեմ, քանի որ կորցնում են օրվա հացը վաստակելու հնարավորությունը, իսկ երկրորդները բողոքում են մաքսատուրքերի համար վճարի կրկնակի թանկացման դեմ:
Այդ բողոքները շատ բազմամարդ չեն, բայց հետևողական են: Դրանցում կա մի հանգամանք, որն արժանի է լուրջ ուշադրության: Խոսքը բողոքի հոգեբանության մասին է:
Բողոքով քաղաքացիները իշխանությանը պահանջ են ներկայացնում` ասելով, թե հակառակ դեպքում կթողնեն ու կգնան երկրից: Դրա մասին են վկայում նրանց կոչերը, թե Սաակաշվիլիից աշխատանք կուզեն, թե թող իշխանությունը բացի սահմանները, որ իրենք հեռանան երկրից, և այլն: Այդ հոգեբանությունը բավական տարածված է Հայաստանում: Արտագաղթը մեծ մասամբ հենց դրանով է պայմանավորված` մարդիկ օբյեկտիվորեն դժգոհ են երկրում առկա իրականությունից, բայց ոչ թե գերադասում են երկրի տիրոջ հոգեբանությամբ մնալ և հաստատել իրենց ուզած իրականությունը, այլ հեռանում են արտերկիր: Դժվար է հաշվել, թե այդ հոգեբանությունն ինչքան է տարածված: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ այդուամենայնիվ գնացողներից ավելի շատ են մնացողները: Սակայն խնդիրն այն է, որ այդ հարաբերակցությունը հասել է մի այնպիսի աստիճանի, որ արդեն ազդում է մնացողների «մարտունակության» վրա` թե՛ ֆիզիկապես է ազդում, թե՛ բարոյահոգեբանական առումով:
Մոտեցումը, որ «այստեղից մենակ գնալը կփրկի», մոլախոտի հատկանիշներ է ձեռք բերում և սկսում է ավելի լայն տարածում գտնել: Իսկ նման դեպքում արդեն կարևոր չէ, թե այդպես մտածողը գնում է իրականում, թե շարունակում է մնալ: Այդպես մտածելը նշանակում է, որ այդ մտածողության կրողի այստեղ, այս երկրում լինել-չլինելը դառնում է մի հաշիվ: Սա շատ լուրջ վտանգ է, որ բավական վառ արտահայտվում է նաև այս օրերին Երևանում շարունակվող բողոքներում: Այդ վտանգի հերթական դրսևորումը հուշում է, որ Հայաստանի իրավիճակի վերափոխման հարցում ազնիվ և անկեղծ հետաքրքրություն ունեցող ուժերը պետք է լրջագույն ջանքեր գործադրեն այդ մոլախոտի տարածման դեմն առնելու և բողոքող քաղաքացու մտածողությունը, հոգեբանությունն ու արժեքները փոխելու համար:
Մարդկանց պետք է սերմանել սեփական երկրի տիրոջ զգացումը, որ ոչ թե պետք է իշխանությունից ինչ-որ բան ստանալ կամ չստանալու դեպքում հեռանալ, այլ պահանջել, իսկ չստանալու դեպքում էլ հեռացնել իշխանությանը: Այլ հարց է, կստացվի՞ դա, թե՞ ոչ, ի՞նչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին, ի՞նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր հանգամանքներ կան, որ դժվարացնում են դա: Տվյալ դեպքում խնդիրը հոգեբանության, մտածողության և արժեքների փոփոխությանը հասնելն է, առկա գործընթացի, առկա անկումային, օտարական տրամադրությունների անիվը հետ շրջելն ու հասարակության մոտ տիրոջ տրամադրություն սերմանելը: Դրանից հետո շատ հանգամանքներ ու գործոններ կվերանան ինքնաբերաբար և կստեղծվեն իրավիճակից ելքի նորանոր հնարավորություններ: