Երեկ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած մանչեսթերյան դերբիում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել «քաղաքայիններ»-ի ավագ Վենսան Կոմպանին, ով առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գլխով եզրափակեց Դավիդ Սիլվայի իրացրած անկյունային հարվածը:
Նշենք, որ Կոմպանին դարձավ առաջին բելգիացի ֆուտբոլիստը, ում հաջողվեց գոլ հեղինակել մանչեսթերյան դերբիում:
Այսպիսով` Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. մանչեսթերյան 2 ակումբներն իրենց ակտիվում ունեն 83-ական միավոր:
«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:0,
1:0 Կոմպանի (45+1′)










































