ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին ասվում է Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Մոհամմադռեզա Ռահիմին շեշտել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը պետք է հասցնել գոնե մեկ միլիարդ դոլարի` ներկայիս չորս հարյուր միլիոնի փոխարեն։
Ներկայում Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող չորս ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի և Արաքսի ՀԷԿ-ի կառուցում։ ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է։