Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանն ահազանգում է, որ Գորիս քաղաքում և Տեղ գյուղում օրենքով սահմանված կարգով հատկացված վայրերում պատռում են իր լուսանկարով նախընտրական պաստառները: Տեղ գյուղում պատռվել են ոչ միայն նկարները, այլև բնակչության հետ իր հանդիպումների մասին հայտարարությունները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն ասաց, որ պատրաստվում է փաստի առթիվ գրավոր դիմել ոստիկանություն: «Չեմ կարող ասել, թե ով է արել, բայց երևույթը շատ բացասական եմ գնահատում և համապատասխան մարմիններն իրենց գնահատականը պետք է տան այդ իրավիճակին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում Թաթուլ Հակոբյանի հետ պայքարում են ՀՀԿ կողմից առաջադրված Հայկ Գրիգորյանը, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ Վարազդատ Վարդազարյանը: