«Ֆորմուլա-1»-ի պրոմոութեր Բերնի Էքլսթոունի հետ ունեցած տարաձայնությունները կարող են ստիպել «Մերսեդես»-ին լքել Արքայական ավտոսպորտը:
Հիշեցնենք, որ վերջերս Էքլսթոունը խոստովանել է, որ գտնվում է լարված հարաբերությունների մեջ «Մերսեդեսի» հետ՝ նոր կնքված Համաձայնության պայմանագրի պատճառով:
Միաժամանակ բրիտանացին հաստատում է, որ «Մերսեդես»-ը, որը հանդիսանում է նաև Ֆորմուլայի շարժիչների հիմնական մատակարարներից մեկը, շատ կարևոր է իրենց համար:
Նշենք, որ «Մերսեդես»-ը համաձայն չէ Էքլսթոունի առաջարկած բոնուսների չափի հետ, քանի որ թիմը պնդում է, որ «Տիրրել»-ի ժամանակներից իրենք ունեցել են 80 հաղթանակ, իսկ Էքլսթոունն այդ տեսակետը համարում է անընդունելի:
«Ես զրուցել եմ «Մերսեդես»-ի ղեկավարի՝ Ռոսս Բրաունի հետ, և նա կարծես իրոք հավատում է, որ թիմը «Տիրրել»-ի ժամանակներից մի քանի մրցանակ է շահել և տարել է 80 հաղթանակ: Բրաունը երբեք ինձ հետ մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել»,- Էքլսթոունին մեջբերում է Auto Motor und Sport-ը: