Հունվարի 24-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ներկայացուցիչները չեն պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Խոդորկովսկու վճռի հետ կապված:
Վեհաժողովի որոշմամբ, օրակարգ կմտնի Բելառուսի իրավիճակի մասին բանաձևի, Կոսովոյում ներքին օրգանների անօրինական փոխպատվաստման համար մարդկանց առևանգման հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի քննարկումները, իսկ Խոդորկովսկու նոր դատավճռի մասին հարց չի բարձրացվելու: Ինչպես գրում է «Коммерсант»-ը, ռուս գործարարի դատական վճռի վերաբերյալ լսումներ կլինեն Ռուսաստանի մասին հաշվետվության ժամանակ, որը, սակայն, տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո` մոտավորապես մեկ ու կես տարի անց:
Ինչպես հայտնել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի գործերով զեկուցող Գեորգի Ֆրունդան, Խոդորկովսկու գործին տեղ կհատկացվի Ռուսաստանի` Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտականությունները կատարելու մասին քննարկման ժամանակ, որի ուղղությամբ Ֆրունդան աշխատում է Անդրեաս Գրոսի հետ: Այս փաստաթղթի պատրաստման ընթացքում երկու համազեկուցողներն էլ հունվարին ժամանել էին Մոսկվա, որտեղ հանդիպել են Խոդորկովսկու հետ: Գրոսը հանդիպումն անվանել է «անմոռանալի»: Իսկ Գեորգի Ֆրունդան հայտարարել է, որ իր կարծիքով, դատական գործողությունները Խոդորկովսկու նկատմամբ «արդարացի չէր»: