Սիեթլում ապրիլի 24-ին կայացել է Planetary Resources նախագծի շնորհանդեսը, որը զբաղվելու է աստղակերպերի վրա օգտակար հանածոների արդյունահանմամբ, ինչին իրենց աջակցությունն են հայտնել ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ինչպես նաև Google ընկերության տնօրեններ Լարի Փեյջը և Էրիկ Շմիդտը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախագծի հեղինակները ծրագրել են անօդաչու տիեզերագնաց սարքեր ուղարկել դեպի աստղակերպեր, որպեսզի նրանք հատուկ սարքերի միջոցով արդյունահանեն տարբեր քիմիական տարրեր, այդ թվում` ոսկի, պլատին և այլն: Այս ծրագրով նախատեսվում է սարքերի միջոցով տիեզերական այդ մարմինների վրա փորձել հայտնաբերել նաև ջուր:
Ծրագրի հիմնադիրն է ամերիկացի գործարար Փիթեր Դիամանտիսը, ինչպես նաև առաջին տիեզերագնաց-զբոսաշրջիկ Էրիկ Անդերսոնը:
Դիամանտիսը նշել է, որ տիեզերքում կան Երկիր մոլորակի շատ հազվադեպ մետաղների անհաշվելի պաշարներ: Նա ասել է, որ մեր մոլորակին մոտ գտնվող 9 հազար աստղակերպերից 1,5 հազարը հեշտ հասանելի է: