«Ֆորմուլա-1»-ի պրոմոութեր Բեռնի Էքլսթոունը հաստատել է, որ հաջորդ տարվանից Բարսելոնան և Վալենսիան հաջորդաբար կընդունեն մրցաշարի փուլերը: Հիշեցնենք, որ այժմ Բարսելոնան անց է կացնում Իսպանիայի Գրան պրին, իսկ Վալենսիան` Եվրոպայի Գրան պրին:
Գրան պրին հաջորդաբար կազմակերպելու բանակցությունները սկսվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում և շարունակվել վերջին մի քանի ամիսների ընթացքում:
«Ստեղծված իրավիճակում, երբ տնտեսությունը նման կացության մեջ է, լավագույն որոշումը, որը հնարավոր էր ընդունել, ավտոարշավների հաջորդական կազմակերպումն էր»,- մեջբերում է Էքլսթոունին El Pais-ը:
Պրոմոութերը հայտնել է նաև դեպի նոր շուկաներ իրենց ուղղվածության մասին: Խոսքը, հիմնականում, Հեռավոր և Մերձակա Արևելքի մասին էր:
««Ֆորմուլա-1»-ը աշխարհի առաջնություն է: Դա նշանակում է, որ մենք պետք է ելույթ ունենանք ամբողջ աշխարհում»,- հայտնել է Էքլսթոունը: