Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ ամերիկացի քաղաքական գործիչները վարում են էքսպանսիոնիստական քաղաքականություն՝ սպառնալով ժողովուրդներին.
«Դիմելով խորամանկության և վարելով «փափուկ պատերազմ»՝ նրանք սպառնալիքի տակ են դնում համաշխարհային անվտանգությունը: Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո Աֆղանստանում ավելի են թեժացել պատերազմի բոցերը, որոնք ահաբեկչության դեմ պատրվակով տարածվել են նաև հարևան Պակիստանում:
ԱՄՆ-ն աջակցում է ռեակցիոն և ավտորիտար ռեժիմներին, անսահամանափակ քանակությամբ զենք և ռազմական հանդերձանք է մատակարարում նրանց՝ ձգտելով ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում: Սակայն այդ ամենը մատնված է ձախողման:
Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ամերիկյան ռազմական ներկայությանը, այլև՝ տարածաշրջանում անդրտարածաշրջանային երկրների զինվորական կոնտինգենտին: Վերջինս ներկայումս բախվել է մեծ խնդիրների ու դժվարությունների: Մեր տեղեկություններով՝ հաճախակիացել են դասալքության և հրամանատարությանը չենթարկվելու դեպքերը:
Աֆղանստանի և Իրաքի պատերազմները մեծ վնաս հասցրին ամերիկյան տնտեսությանը: Ներկայումս ԱՄՆ-ը նման է արևի ճառագայթների ներքո կտրուկ հալոցք ապրող ձյան»: