Վրացական «Ալիա» թերթի փոխանցմամբ՝ կիրակի գիշերը, երբ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն իջևանել էր Բաթումի «Ռեդիսոն» հյուրանոցում, վնասվել է հյուրանոցի կոյուղու համակարգը: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01.30-ի մոտ, որից հետո սանիտարական ծառայության աշխատակիցները ստիպված են եղել պոլիէթիլենային փաթեթներով հյուրանոցից հեռացնել կոյուղու պարունակությունը:
Արդյունքում, Բաթումի կենտրոնում տարածվել է խիստ գարշահոտություն, մարդիկ չեն կարողացել քնել: Մարդկանց բողոքներից հետո բեռնատարներով ավազ է բերվել, որով ծածկվել են այդ փաթեթները: «Ռեդիսոն» հյուրանոցում ժամանակավորապես փակվել են բոլոր արտաքնոցները, և Դոնալդ Թրամփը չի կարողացել օգտվել դրանցից:
Այս մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել:
Հիշեցնենք, որ Թրամփը երկօրյա այցով Վրաստան էր ժամանել ապրիլի 21-ին: Նա Բաթումում ներկա է գտնվել իր պլանավորած 47 հարկանի երկնաքերի (Trump Tower) նախագծի շնորհանդեսին: Երկնաքերի կառուցումը կավարտվի հաջորդ տարի: Այդպիսի երկնաքեր կառուցվելու է նաև Թբիլիսիում: Երկու երկնաքերերի կառուցումն արժենալու է 250 միլիոն դոլար: