Բացասական անվանարկումները հակառակ ազդեցությունն են ունենում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոգեբանական գիտությունների դոցենտ Սամվել Խուդոյանը` անդրադառնալով քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարի կոչին:
Ապրիլի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գառնիում իր ընտրողների հետ կայացած հանդիպմանը նման հայտարարությամբ էր հանդես եկել. «Եթե ցանկանում եք Հայաստանը վերածել թուրքերի համար արոտավայրի, ընտրեք Սերժ Սարգսյանին»: Հոգեբանն ասաց, որ նման կոչերը խիստ բացասաբար են ընկալվում հասարակության կողմից: Ըստ նրա` այս դեպքում նկատելի է նաև պրոեկցիայի հոգեբանական գործոնը:
«Ըստ պրոեկցիայի` նա ասում է այն, ինչ ժամանակին իրեն են ասել կամ իրեն են մեղադրել այդ գործում»,- նշեց Ս. Խուդոյանը` հավելելով, որ ժողովրդի շրջանում այս տեսակ հայտարարությունները հակառակ ազդեցությունն են ունենում, քանի որ նրանք արդեն հոգնել են «անկապ և անիմաստ խոսակցություններից»: