ԱՄՆ-ը հերքել է Իրանի այն պնդումները, համաձայն որոնց՝ իրանական հատուկ ծառայություններին իբր հաջողվել է բացահայտել իրենց ձեռքում հայտնված անօդաչու ինքնաթիռի տեխնիկական մանրամասները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իրանական կողմը նշում է, որ Իրանի տարածքում կործանված ինքնաթիռի ուսումնասիրությունը թույլ է տալիս նմանատիպ սարք կառուցել նաև Իրանի տարածքում: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան երեկ լրագրողներին ասել է, որ ինքը կասկածում է, թե իրանցիներն ի վիճակի են կործանված ինքնաթիռի միջոցով իմանալ գաղտնի տեխնոլոգիաների մանրամասները:
Հիշեցնենք, որ ամերիկյան անօդաչու ինքնաթիռը ընկել էր Իրանի տարածքում: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կործանված այդ մեքենան սարքելիս օգտագործվել են ամերիկյան գաղտնի և ամենաառաջադեմ տեխնոլոգիաները: