ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իրանում և Սիրիայում անհատների և ընկերությունների դեմ, որոնք իրենց երկրների կառավարական զորքերին աջակցում են՝ սեփական քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար համացանցը և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու հարցում: Այս մասին այսօր Վաշինգտոնում հայտարարել է նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Հոլոքոստի պատմության թանգարանում։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Օբաման նշել է, որ նոր պատժամիջոցները ներմուծվել են իր անցած տարվա նախաձեռնության համաձայն և ուղղված են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների դեմ: Աշխարհում այդ հանցագործությունների դեմ պայքարելն ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է:
Սիրիայի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները ներմուծվել են նախագահի հրամանագրի հիման վրա: Հրամանագրին կից առկա է այն անձանց ցուցակը, որոնց արգելված է մուտք գործել ԱՄՆ: Ամերիկյան բանկերում կսառեցվեն նրանց հաշիվները, ամերիկյան ընկերություններին կարգելվի նրանց հետ համագործակցել:
Նման պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև այն կառավարությունների, ընկերությունների և մասնավոր անձանց դեմ, ովքեր համացանցը և տեղեկատվական տեխնոլոգիաները կօգտագործեն այլակարծությունը ճնշելու և ընդդիմության դեմ պայքարելու համար` դրանով խախտելով մարդու իրավունքները և քաղաքական ազատությունը: