Չորրորդ գումարման խորհրդարանը շուտով կանցնի պատմության գիրկը: Ի՞նչ են արել անցած 5 տարիների ընթացքում պատգամավորները:
Ըստ parliamentmonitoring.am կայքի՝ քննարկված առաջին օրինագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր, որով դադարեցվեց «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը Հանրային ռադիոյով: Վերջինը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն էր, որով թույլատրվեց զինված ուժերի մասնակցությունը ներքաղաքական իրողություններին: Երկուսն էլ կառավարության նախաձեռնություններն էին և քննարկվեցին հատուկ կարգով:
Անցած 5 տարիներին խորհրդարանը 126 անգամ փոփոխել է հարկային օրենսդրությունը, 40 անգամ՝ Քրեական օրենսգիրքը, 22 անգամ՝ Քաղաքացիական օրենսգիրքը: Աժ կանոնակարգը փոփոխվել է 13, իսկ Ընտրական օրենսգիրքը՝ 7 անգամ: 2007-2012 թթ. 5 անգամ փոխվել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը: