ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկացմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեցին ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Ուղեգիր էր շնորհվում միայն առաջին և երկրորդ տեղ գրավողներին: Ազատ ոճայիններ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ), հունահռոմեական ոճայիններ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը դուրս եկան եզրափակիչ և ապահովեցին Լոնդոնի օլիմպիական խաղեր մեկնելու իրավունք:
Վերոգրյալ քառյակից միայն Դավիթ Սաֆարյանը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ մյուս երեքը հաղթող ճանաչվեցին նաև եզրափակիչ գոտեմարտերում և գրավեցին առաջին տեղը:
Հայաստանի հավաքականները ապրիլի 25-ին կմեկնեն Չինաստան, որտեղ կմասնակցեն ապրիլի 27-ին մեկնարկելիք հերթական վարկանիշային մրցաշարին: Ուղեգրեր կշնորհվեն յուրաքանչյուր քաշային կարգում լավագույն եռյակ մտնողներին: