Պարզվում է` Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը ոչ միայն հաճույք, այլեւ լուրջ բիզնես է դարձել: Հետաքրքիր է միայն, թե ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը: Չէ՞ որ խոսքն այս դեպքում ներկայումս վերացման եզրին կանգնած հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի եւ ընձառյուծի որսի մասին է, որոնց դիմաց եթե 2 տարի առաջ նույն այդ կայքերը պահանջում էին 3500 դոլար, այսօր արդեն գներ աճել են ու հասել մինչեւ 15 հազար եվրոյի:
Իհարկե, սրան համապատասխան մեծանում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքի չափը (օրինակ 1 բեզոարյան այծի որսը տուգանվում է 3 մլն դրամով), սակայն միանգամայն զարմանալի է մեր պետության նման վերաբերմունքը այս խնդրի հանդեպ:
«Ստացվում է, որ մենք վաճառում ենք մեր բնությունը, իսկ բնապահպանության նախարարության զեկույցը կարդալիս թվում է, թե ամեն ինչ գնահատվում է գնացուցակով, բայց մի՞թե այդպես կարելի է»,- ասում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Ի դեպ` կենտրոնը եւ էկոլոգիական հասարակական դաշինքը բազմաթիվ նամակներ են հղում բնապահպանության նախարարություն` խնդրելով միջամտել ու արգելել նաեւ Արարատի մարզի Արմաշի լճերում թռչունների անօրինական որսը:
Այս առումով էլ վերահսկողություն իրականացնելու կոչված պետական մարմինը բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն է, սակայն նրանց վերահսկողությունը գործնականում, մեղմ ասած, գրեթե բացակայում է։