Մի շարք ավիաաղետների պատճառով Պակիստանի իշխանությունները կիրակի օրը բոլոր մասնավոր ավիափոխադրողներին արգելել են թռիչքներ իրականացնել: Համապատասխան կարգադրություն է արել երկրի պաշտպանության նախարար Չոուդրի Ահմադ Մուխտարը:
«Պակիստանում բոլոր մասնավոր թռիչքների իրականացման արգելքը կտևի մինչև Իսլամաբադում տեղի ունեցած ավիավթարի հետաքննքության ավարտը, ինչպես նաև այդ ընկերությունների ավիապարկի նյութատեխնիկական վիճակը պարզելը»,- պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությանը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Վերջին երեք օրում Պակիստանում տեղի են ունեցել մի շարք ավիավթարներ և աղետներ: Ուրբաթ օրը Իսլամաբադի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Boeing-737 ինքնաթիռը: Մոտ 30 տարի շահագործվող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ ամպրոպային ճակատի մեջ, ինչն էլ 127 մարդու մահվան պատճառ է դարձել:
Կիրակի օրը միանգամից երկու ուղևորային ինքնաթիռ արտակարգ վայրէջք են կատարել: Պակիստանի Կարաչի քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ անիվների հետ կապված խնդիրներ են առաջացել, միանգամից մի քանի անվադող է պայթել: Միայն օդանավի անձնակազմի համաձայնեցված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վթարից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Գրեթե նույն ժամանակ Պակիստանի մեկ այլ քաղաքում`Լախորում, թռիչքի պատրաստ ուղևորային օդանավից վառելիքի արտահոսք է նկատվել, և թռիչքն անհապաղ հետաձգվել է:











































