Մոնրեալի կենտրոնում կանադացի ուսանողների ցույցը վերածվել է անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ձերբակալվել է մոտ 90 ուսանող: Այս մասին հաղորդել է CBC հեռուստաալիքը:
Ուսանողները համաձայն չեն ուսման վարձի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահ մարմինների հետ բախումների հետևանքով վիրավորվել էր 6 մարդ, որոնց թվում` 4 ոստիկան: Այդ ժամանակ ձերբակալվել էր մոտ 14 ցուցարար:
«Մենք ցանկանում ենք, որ Քվեբեկի շրջանում կրթությունը հասանելի լինի: Մենք սոցիալական արդարություն ենք ուզում: Մենք չենք ցանկանում ապրել այնպիսի Քվեբեկում, որտեղ ստիպված կլինենք ծախվել լեռնաարդյունահանող ընկերություններին»,- ասել է ուսանողական շարժման առաջնորդներից մեկը:
Քվեբեկի իշխանությունները նախատեսում են թանկացնել քոլեջների և համալսարանների ուսման վարձը տարեկան 325 կանադական դոլարով: Բողոքի ակցիայի նախօրեին Քվեբեկի ուսանողական կազմակերպությունների առաջնորդներին հրավիրել էին բանակցությունների կրթության նախարարություն, սակայն երկխոսությունը հետաձգվել է, քանի որ ուսանողներից պահանջել են պաշտոնապես հայտարարել բռնությունների դադարեցման մասին:










































