Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Իրաքում տիրող քաղաքական անկայուն իրավիճակը խոչընդոտում է Nabucco գազատարի համար նախատեսված իրաքյան գազի մատակարարումները.
«Իրաքի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության միջև առկա պառակտումը խոչընդոտում է Nabucco գազատարի համար իրաքյան գազի մատակարարումները: Nabucco-ի նախագիծը շատ կարևոր է ինչպես Եվրոպայի էներգաանվտանգության, այնպես էլ տարածաշրջանի էկոնոմիկայի աշխուժացման համար»:
Հիշեցնենք, որ Nabucco գազատարի նախագիծն առաջ է քաշվել կասպյան ու մերձավորարևելյան գազը ԵՄ երկրներ հասցնելու համար: Դրա տարեկան թողունակությունը կազմելու է 31 միլիարդ խորանարդ մետր: Գազատարի կառուցումը պլանավորված է սկսել 2013 թվականին, իսկ առաջին մատակարարումների իրագործումը՝ 2017 թվականին:








































