Ապրիլի 20-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի ԱԳՆ կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն:
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական և գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:
Հայ և վրացի դիվանագետներն անդրադարձել են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ և ընդգծվել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարևորությունը:











































