Սիրիայի խորհրդարանը վավերացրել է երկրի տարածքում ՄԱԿ-ի դիտորդներին ընդունելու համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, համաձայնագիրը ՄԱԿ-ի դիտորդներին իրավունք է վերապահում ծառայողական այցեր կատարել ցանկացած ժամանակ հանրապետության ցանկացած կետ:
Բացի այդ, դիտորդներին իրավունք է տրվում, որպես հրադադարի ռեժիմի պահպանման ապացույցներ, ֆոտո- և տեսանկարահանումներ կատարել:
Հիշեցնենք. 2012 թ. ապրիլի 15-ից Սիրիա են ժամանում ՄԱԿ-ի միջազգային դիտորդները, ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ երկրում կգործի 250 դիտորդ: Կառավարությունը և ընդդիմությունը, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի միջնորդությամբ, համաձայնության են եկել հետևել խաղաղ կարգավորման «ճանապարհային քարտեզի» դրույթներին: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հաղորդվում է բռնության առանձին դեպքերի մասին:








































