Լիբանանի նախկին վարչապետ Նաջին Միքաթին երեկ հայտարարել է, որ ինքն առաջադրվելու է որպես Լիբանանի վարչապետի թեկնածու, և որ իր թեկնածությունը համաձայնեցված է լիբանանյան հիմնական քաղաքական ուժերի հետ: Այս մասին հաղորդում է Middel East Online կայքը:
Միքաթին շատ հայտնի է Լիբանանի կապի ոլորտում և համարվում է այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: «Ես իմ թեկնածությունը չեմ համարում որպես մարտահրավեր ինչ-որ մեկին, սակայն սա հնարավորություն է վերականգնելու շփումները առաջնորդների (հակամարտող կողմերի.- 1in.am) միջև»,- ավելացրել է նա:
Այս պահին հայտնի է, որ «Հիզբոլահ» շարժումն իր աջակցությունն է հայտնել այս թեկնածությանը: Իսկ Հարիրիի կողմնակիցները հայտարարել են, որ Միքաթիի թեկնածության առաջադրումը դավաճանության փաստ է, քանի որ Միքաթին խորհրդարան է մտել Հարիրիի կուսակցության ցուցակով: Գործող վարչապետ Սաադ Հարիրին էլ հայտարարել է, որ ինքն է միակ թեկնածուն և չի համաձայնի ուրիշ թեկնածությունների:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ Լիբանանում իշխող կոալիցիան քանդվել էր այն բանից հետո, երբ «Հիզբոլահ» շարժումը հայտարարել էր դրանից դուրս գալու մասին: Պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արդեն հայտնվել են տեղեկություններ, համաձայն որոնց՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 2005 թ. կազմակերպված սպանության փաստով ստեղծված միջազգային տրիբունալը հենց «Հիզբոլահ» շարժմանն է մեղադրելու Հարիրիի սպանության մեջ: