РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանը պատժամիջոցների մեղմացում է ակնկալում մայիսի 23-ին Բաղդադում «Վեցյակի» հետ կայանալիք բանակցային երկրորդ փուլից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի ղեկավարությունն ակնկալում է, որ Բաղդադի հանդիպումից հետո կբարձրացվի ԵՄ-ի կողմից իրանական նավթի ներկրման վրա դրված պատժամիջոցների մեղմացման հարցը.
«Եթե եվրոպացիները չեղյալ չհայտարարեն իրենց նավթային պատժամիջոցները, ապա նրանք կզգան էներգակիրների շուկայի լոււրջ ազդեցությունը: Դա մասնավորապես վերաբերում է էներգետիկ անվտանգության ոլորտին: Մենք լավ նորություններ ենք ակնկալում եվրոպացիներից: Բաղդադի հանդիպման ժամանակ Իրանին Եվրոպայի տրվելիք պատասխանը մեծ նշանակություն կունենա նավթի շուկայի վրա»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է դրել այս տարվա հունվարի 23-ին, որն ամբողջությամբ գործելու է հուլիսի 1-ից:










































