Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը, այսօր մեզ հետ զրույցում մեկնաբանելով ձեթի և ալյուրի թանկացումները, ասաց, որ ձեթը ուրբաթ օրվա մոնիտորինգի արդյունքներով թանկացել է 10 դրամով, իսկ ալյուրը՝ 1 կգ-ի համար 8 դրամով։ Ուսումնասիրություններն ալյուրի շուկայում անցկացվել են «Ալեքս Գրիգ»-ում և Արմաշի «Մանանա Գրեյն»-ում։ Մեր դիտարկմանը, թե որոշ խանութներում նույն ձեթը թանկացել է մինչև 100 դրամով, Ա. Սահակյանը պատասխանեց. «Մեր օրենսդրության համաձայն` մենք մանրածախ խանութներում մոնիտորինգ չենք անցկացնում և դրա հնարավորությունն էլ չունենք։ Մենք պատասխանատու ենք և հետևում ենք միայն գերիշխող դիրք ունեցող ընկերություններին։ Հնարավոր է՝ մի մանրածախ խանութ մինչև 200 դրամ թանկացնի, բայց դա մեր խնդիրը չէ: Իսկ «Երևան սիթին» գերիշխող դիրք ունեցող խանութների շարքում է»։
Մեր հարցին ի պատասխան, թե գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներից և խանութներից պարզաբանում պահանջվելո՞ւ է թանկացումների վերաբերյալ, Ա. Սահակյանը ասաց. «Ձեթի թանկացումը մոտավորապես 1 տոկոս է կազմում. հիմա չեմ կարող ասել՝ դա ինչով է պայմանավորված, բայց հետևում ենք այս գործընթացին, թե ինչ շարունակություն է ունենալու։ Մեկ տոկոս թանկացման համար պարզաբանում չեն պահանջում։ Կարող է՝ վաղը իջնի այդ գինը, նույն հաջողությամբ՝ նաև բարձրանա։ Այ, երբ բարձրանա, նոր պարզաբանում կպահանջենք»,- ավելացրեց Արամ Սահակյանը։