Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է երեկ ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբբասովին դաժան ծեծի ենթարկելու և Ադրբեջանում լրագրողների վրա հարձակվելու դեպքերը.
«Այդ ապշեցուցիչ նորությունը վկայում է այն բռնի ու անհանդուրժող մթնոլորտի մասին, որում ադրբեջանցի լրագրողները ստիպված են աշխատել: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հայտնաբերել ու լրջորեն պատժել լրագրողների վրա հարձակում գործածներին: Ադրբեջանի իշխանությունները վերջապես պետք է իրական քայլեր ձեռնարկեն՝ վերջ դնելու համար երկրում լրագրողների նկատմամբ գործադրվող ամեն տիպի բռնություններին»:
Հիշեցնենք, որ երեկ «Զերկալո» թերթի և Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի լրագրող Իդրակ Աբասովը Սուլուտալ ավանում նկարահանել էր տների ապօրինի ավերումն ու տեղաբնակների դիմադրությունը, ինչի համար էլ ենթարկվել էր դաժան ծեծի: Նրանից խլել էին տեսախցիկը, տապալել էին գետին և սկսել էին ոտքի հարվածների տարափ տեղալ:










































