«Գաբրիել Գարսիա Մարկեսի պոեզիան և արձակը» թեմայով նկարազարդումներ, որոնցում կներառվեն Նոբելյան մրցանակակրի առավել հայտնի ստեղծագործությունների դրվագները, կարվեն մետրոյի գնացքի վրա, որն ապրիլի 25-ին իր ընթացքը կմեկնարկի մայրաքաղաքային մետրոյի Ֆիլյովյան ուղեգծից։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Այս նախաձեռնությունը Մոսկվայում Կոլումբիայի դեսպան Ռաֆայել Ամադորինն է, ով այդ կերպ որոշել է ռուս ընթերցողներին հիշեցնել իր հանրահայտ հայրենակցի ստեգծագործական կյանքը: Մարտին լրացել է դասական գրողի 85 ամյակը, և ի պատիվ հոբելյարի՝ հայտարարվել է «Ռուսաստանում Գաբրիել Գարսիա Մարկեսի տարի»:
Ութ վագոններից բաղկացած գնացքը Ֆիլյովյան ուղեգծով կընթանա վեց ամիս: Կթողարկվի նաև 500 հազար տոմս՝ Մարկեսի հոբելյանական տարվան նվիրված դիզայնով:
Գաբրիել Գարսիա Մարկեսը հասարակության լայն շրջանակներին հայտնի է «Հարյուր տարվա մենություն» վեպով, «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակով և այլ արձակ ստեղծագործություններով: Սակայն նրա պոեզիան Ռուսաստանում հայտնի է միայն մասնագետներին:
Գնացքի հանդիսավոր մեկնումը տեղի կունենա ապրիլի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին՝ «Միջազգային» կայարանից: Արարողությանը ներկա կլինեն ՌԴ կառավարության և լատինամերիկյան երկրների դիվանագիտական առաքելությունների, մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ և մետրոպոլիտենի ղեկավարությունը:











































