Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը քաղաքական ամբիցիաներ ունի: Նա մտադիր է Գլենդելի քաղաքապետ դառնալ: Այդ մասին նա հայտնել է «Kloe and Lamar» ռեալիթի շոուի հերթական դրվագի հոլովակում: Այնտեղ Քարդաշյանը քրոջը՝ Քլոին, հայտնում է, որ այդ պաշտոնում իր թեկնածությունը հարմար կլինի, քանի Գլենդելը վերածվել է հայկական քաղաքի:
Խնդիրն այն է, որ Գլենդելի բնակիչները չեն ընտրում իրենց քաղաքապետին: Նոր քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի 5 անդամների քվեարկության արդյունքների հիման վրա: Քաղխորհրդի անդամ Արա Նաջարյանը նրան խորհուրդ է տվել ուսումնասիրություններ անել և իրավիճակն ըմբռնել ինքնուրույն: Առաջին բանը, որ Նաջարյանը նրան խորհուրդ է տվել, ապրիլի 24-ին Ալեքս կինոթատրոնում Հայոց ցեղասպանության կապակցությամբ կայանալիք արարողությանը մասնակցելն է: Նրա այցը, Նաջարյանի խոսքով՝ մեծ ազդեցություն կթողնի քաղաքի վրա:
Քարդաշյանը մտադիր է Գլենդելում տուն գնել և առաջադրվել այդ պաշտոնում 5 տարուց, չնայած մեկ տարին էլ բավական է:
Ի դեպ, հանրությունը բացասաբար է արձագանքել Քարդաշյանի քաղաքական նկրտումներին: Այս թեմայով Twitter-ում բուռն քննարկումներ են ծավալվել: