Արիզոնա նահանգի նահանգապետ Ջեն Բրյուերը վետո է դրել մի օրինագծի վրա, որը թույլ կտար նահանգի հասարակական շինություններ զենք մտցնել, այդ թվում՝ նաև գրադարաններ և պետական հաստատություններ:
Ինչպես պարզ է դառնում Reuters-ի հրապարակումից, օրինագիծը նախատեսում է, որ զենք կարելի է մտցնել այն շենքեր, որտեղ պահակներ, համապատասխան սարքավորումներ չկան: Ներկա դրությամբ Արիզոնայում շինություն զենքով մտնելու արգելք դնելու համար բավական է ցուցանակ փակցնել մուտքի մոտ: Օրինագծի կողմնակիցները գտնում են, որ ներկայիս իրավիճակը օրինապաշտ քաղաքացիներին և հանցագործներին անհավասար վիճակի մեջ է դնում, որովհետև հանցագործները զենքով մուտք են գործում շինություններ, իսկ իրենք` ոչ: Ըստ իրենց` նոր օրինագիծը թույլ կտա, որ սրահ մուտք գործելիս համապատասխան ստուգում իրականացնելու դեպքում բոլոր այցելուները հավասար պայմաններում գտնվեն:
Բրյուերը նշել է, որ բոլոր շենքերը համապատասխան սարքավորումներով ապահովելը շատ թանկ կարժենա: Նրա կարծիքով՝ փաստաթուղթը դեռ մշակման կարիք ունի: