Ինչպես ամեն տարի¸ այս տարի ևս Սյունիքի անտառամերձ գյուղերի բնակիչները տները ջեռուցելու համար օգտվեցին ու կօգտվեն հարակից անտառներից: Իսկ ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք¸ եթե ջեռուցման այլ տարբերակ չունեն:
Սյունիքը հանրապետության այն մարզերից է, որտեղ մինչ այժմ ամենաքիչ թվով համայնքներ են գազաֆիկացվել, այդ իսկ պատճառով գյուղական համայնքների մեծ մասը շարունակում է ջեռուցումն իրականացնել ավանդական եղանակով:
Չնայած բոլոր վերահսկողություններին` բնակիչները ամեն տարի ապօրինի ծառահատումների միջոց են գտնում: «Բա էլ հո՞ւնց տները տաքացնենք, քե մատաղ»,- նեղսրտեց Սյունիքի Ծավ գյուղի բնակիչ, 80-ամյա Սեդա տատը: Ի տարբերություն Սյունիքի անտառամերձ մյուս գյուղերի բնակիչների` Ծավի բնակիչները անտառից օգտվելու ոչ մի հնար չունեն. գյուղը շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով, որտեղ գյուղացիների մուտքն արգելված է: Դե, իսկ գյուղացիներին ոչինչ չի մնում, քան դիմել ապօրինի ծառահատումների։ Իսկ բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անտառապահների ուսերին: