«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձոր և Գուգարք տարածքային կազմակերպության անդամների համար հունվարի 23-ի կիրակին աշխատանքային էր: Բացի այն, որ փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ համագումարին մասնակցելու համար ընտրվեց 53 պատվիրակ, ձևավորվեց նաև տարածքային կառույցի խորհրդի կազմը: Կանոնադրական փոփոխություններից հետո խորհրդի անդամների թիվը 18-ից դարձավ 23: Խորհրդի նախագահ վերընտրվեց Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը: Ասենք, որ խորհրդի անդամները այլընտրանք էլ չունեին, որովհետև միակ առաջադրված թեկնածուն մարզպետի տեղակալն էր: Հետաքրքիր է նաև, որ պատվիրակներին ոսկեղենիկ հայերենը կարծես չէր հերիքում` գովերգելու ԲՀԿ տեղական առաջնորդի արժանիքները:
Այդքանից հետո պարզ էր, որ դեմ ու ձեռնպահ չպետք է լիներ: Խորհրդային միության կոնֆերանսների նման, մարզպետի տեղակալը ստացավ պատվիրակների «դաբրոն» ու վերընտրվեց: ԲՀԿ Վանաձոր և Գուգարք տարածքային խորհրդի նախագահ Էդիկ Կարախանյանը պատասխան խոսքում ասաց, որ իրենք «կատարել են Գագիկ Ծառուկյանի բոլոր հանձնարարականները»: Իսկ հանձնարարականները մարդկանց աշխատանքի տեղավորելն էր, բուժման ուղարկելը, դրամական օգնություն տալը և այլն: Հենց դրանք էլ նպաստեցին, որ վերջին մեկ տարում 337 մարդ դառնա ԲՀԿ անդամ: Իսկ կուսակցության տարածքային կառույցը լքել է 39 մարդ: Մեր ունեցած տեղեկություններով, ԲՀԿ կանոնադրության համաձայն, ՏԿ խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները: Սակայն Վանաձորում, չգիտես ինչու, կոնֆերանսի բոլոր պատվիրակները քվեարկեցին նախագահի օգտին: