Այսօր քաղաքական կուսակցությունները ավելի շատ զբաղված են սև PR-ով, քան սպիտակ: Նրանք մի ձեռքով փորագրում են ինչ-որ բան, իսկ մյուսով՝ քողարկված կամ բացահայտ սևացնում մյուսին: Եթե նախկինում սև PR-ով ավելի շատ զբաղվում էր հեռուստատեսությունը, ապա այսօր՝ տպագիր մամուլը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա՝ սպիտակ PR-ն ունի ագիտացիոն բնույթ: Ինչպես մեր քաղաքացիները այդպես էլ չսովորեցին հեռակառավարման վահանակներից կամ հեռախոսից մաքսիմալ չափով օգտվել, այնպես էլ տարիքով քաղաքական գործիչները չկարողացան նորագույն տեխնոլոգիաներից օգտվել: Նրանք անում են այն, ինչ արել են տարիներ առաջ, իսկ երիտասարդները բավական ակտիվ են:
«Այսօր հեռուստատեսությունը ավելի ազատ է և պահպանում է հավասարություն: Տպագիր մամուլը այնպիսին է, ինչպիսին եղել է: Նախկինում ես դա հասկանում էի, քանի որ հեռուստատեսությունը փորձում էր արտահայտել իշխանությունների շահերը, իսկ մամուլը փորձում էր կոմպենսացնել դա: Այսօր հեռուստատեսությունը դուրս է եկել այդ վիճակից, սակայն մամուլը շարունակում է մնալ նույն վիճակում: Էլեկտրոնային լրատվամիջոցները, ի տարբերություն այդ երկուսի, անհամեմատ ազատ են»:
Բանախոսը կարծում է, որ պայքարն ընթանում է ավելի շատ իշխանություն-իշխանություն` ՀՀԿ-ԲՀԿ, ընդդիմություն-ընդդիմություն` ՀԱԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ հարթության վրա:
Կարեն Քոչարյանի խոսքերով` քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերը դրականորեն են ազդում նրանց PR-ի վրա, քանի որ ապահովում են թափանցիկություն:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին` մասնագետը նշեց. «Առաջին 10 օրը իր քարոզարշավը գրագետ էր անցկացնում «Ժառանգություն»-ը և, ինչքան էլ տարօրինակ թվա, ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն անում է այն, ինչ պետք է անի իշխանությունը, իսկ ԲՀԿ-ն շարունակում է ստանդարտ ձևով կազմակերպել իր քարոզարշավը: Շատ հիասթափված եմ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավից: Այն, ինչ կատարվում էր 2007-2008 թվականներին, հիմա չկա»:
Բանախոսը հավելեց նաև, որ ներկայիս նախընտրական քարոզարշավը կարծես նախագահական ընտրությունների քաստինգ լինի:











































