Հյուսիսային Կորեան հրաժարվել է միջուկային և հրթիռային փորձարկումների մորատորիումից: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ավելի վաղ երկրի իշխանությունները դիմել էին այս քայլին` ԱՄՆ-ից մթերային օգնություն ստանալու դիմաց:
ԿԺԴՀ-ի իշխանությունները պաշտոնական հայտարարության մեջ նշել են, որ քանի որ ԱՄՆ–ը խախտում է պայմանագրի պայմանները, Հյուսիսային Կորեան ևս իրեն պարտավորված չի համարում կատարել այն: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Փխենյանն իրավունք ունի «անհրաժեշտ պատժիչ միջոցներ» ձեռնարկել, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:
Այն մասին, որ ԿԺԴՀ-ն համաձայնել էր միջուկային փորձարկումների և հրթիռների արձակման մորատորիում անցկացնել, ինչպես նաև դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, հայտնի էր դարձել 2012 թ. փետրվարի վերջերին: Դրա փոխարեն ԱՄՆ-ը պարտավորվել էր Հյուսիսային Կորեա ուղարկել 240 հազար տոննա մթերք: Ապրիլի 16-ին հայտարավել էր, որ ԿԺԴՀ-ն հրաժարվում է կատարել այս փոխպայմանավորվածության կետերը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ վատացել էին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Փխենյանը պատրաստվում է հրթիռ արձակել:
Անցյալ շաբաթ ԿԺԴՀ–ն Չխոլսանի հրթիռային փորձակայանից արձակել էր «Կվանմենսոն-3» արբանյակային հրթիռը: ԿԺԴՀ-ն պաշտոնապես հրթիռի փորձարկումը ճանաչել էր անհաջող, քանի որ թռիչքից մի քանի րոպե հետո հրթիռն ընկել էր ծովը` չհասնելով ուղեծրին











































