Հեռուստատեսությամբ վերջին շրջանում հաճախակի գովազդվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունները պարզվում է` իրականում որևէ լուրջ խորհրդատվություն չեն տրամադրում հաճախորդներին¸ այլ ընդամենը «անվճար» լինելու համբավ ձեռք բերելով` հաճախորդներ են գրավում: «Գլոսա» իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը իրավաբանական անվճար խորհրդատվությունների գովազդները համարում է հերթական խաբեություն: Իրավաբանական գործունեությանը գոնե մի քիչ ծանոթ մարդը¸ նրա խոսքով¸ հասկանում է, որ հաճախորդի հետ անվճար «զրույցը» սահմանափակվում է նրան համապատասխան ատյաններ ուղարկելով, իսկ իրավական հարցերով որևէ խորհրդատվություն չի տրամադրվում: «Խորհրդատվությունը բավականին բարդ գործընթաց է, ոչ մի փաստաբանական գրասենյակ այն անվճար չի իրականացնի: Երբ դու քաղաքացուն լրիվ մեկնաբանում ես¸ թե որն է օրենքը¸ որն է պահանջը և ինչ է սպասվում դիմողին¸ ուսումնասիրում ես փաստաթղթերն ու տալիս անհրաժեշտ իրավանաբանական խորհրդատվություն¸ դա այլ է¸ և լրիվ այլ բան է ասել նրան¸ թե որտեղ պետք է դիմել ու դա անվանել խորհրդատվութուն»¸- Առաջին լրատվականին հայտնեց իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանը: Մասնագետը նշեց¸ որ իրենց կազմակերպություն հաճախ են քաղաքացիներից բողոքներ ստացվում նշված անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող կազմակերպություններ դիմած քաղաքացիների կողմից¸ ովքեր պատմում են¸ որ իրենց ուղղակի խաբեությամբ են հասցրել իրավաբանական գրասենյակներ¸ինչ-որ ծիծաղելի «խորհրդատվություն» են տվել¸ իսկ այնուհետ առաջարկել հայցադիմում կազմել¸ որի համար արդեն պահանջել են 15 հազար դրամ: