Ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին` ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի և երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչին նպաստում են նաև պետական մակարդակով փոխայցելությունները: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ապագային առավել կզարգանան ու կսերտանան:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ի դեմս նախարարի իր շնորհակալությունն է հայտնել Բելառուսի իշխանություններին բելառուսահայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:
Բելառուսի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար: Եվս մեկ անգամ հաստատելով երկու երկրների միջև սերտ համագործակցության և ջերմ հարաբերությունների առկայությունը` նախարարը ընդգծեց, որ երկու ժողովուրդները կրողն են հեռավոր անցյալից եկող միևնույն արժեքների:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը, ինչպես նաև քննարկվել է Մինսկում կառուցվելիք հայկական եկեղեցու համար անհրաժեշտ հողատարածք հատկացնելու հարցը:











































