«Քաղցկեղով հիվանդ բոլոր մարդկանց մեջ պայքարին շատ շուտ հաջորդում է հուսահատության փուլը: Ընտանիքի խնամաքի տակ նա արդեն սովորում է այն մտքին¸ որ հեռանում է և տանը չի կարող պայքարի այն շունչը տրվել¸ որ տրվում է հոսպիսում կամ հիվանդի կողքին գտնվող մասնագետների շնորհիվ»¸- այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց Հայաստանի միակ Հոսպիս-կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Մկրտչյանը: Սակայն Հայաստանում հոսպիսները նրա համոզմամբ` շարունակվում են դիտարկվել որպես հիվանդից ազատվելու հեշտ ու հարմարավետ միջոց: «Մեր մոտ տներ կան որտեղ հիվանդի առկայության դեպքում նույնիսկ տան փոքր երեխան է սթրես տանում և հիվանդանում¸ բայց մենք միևնույն է մտածում ենք այն մասին¸ թե ինչ կասեն այդ մասին բարեկամներն ու հարևանները»¸- նշում է կենտրոնի փոխտնօրենը:
ԵՊՀ հոգեբանության ամբիոն դոցենտ Վլադիմիր Միքայելյանի կարծիքով` հիվանդի վրա տարբեր կերպ կարող է անդրադառնալ կյանքի վերջին օրերին հոսպիս տեղափոխելու հանգամանքը¸ և մեր դեպքում արժե նկատի ունենալ նաև մեր ազգի մշակութային առանձնահատկությունը` մեր վերաբերմունքը անբուժելի հիվանդությանը: Հայ հիվանդն¸ ըստ հոգեբանի¸ կարող է մտածել¸ թե հարազատները հոգնել են և այս կերպ ցանկանում են ազատվել իրենից¸ սակայն հիվանդին հոսպիս տեղափոխելը կարող է լինել լավագույն ընտրությունը թե հիվանդի¸ և թե հարազատների համար:
«Ընտանիքում բառացիորեն ականատես են լինում¸ թե ինչպես է մահը գալիս և տանում իրենց հարազատին: Անկախ տարիքից¸ մեզանից յուրաքանչյուրի մեջ այս ընթացքը հոգեբանական խոր տրավմա առաջացնում և ակտիվացնում մեր մեջ մահվան վախը: Թեև տեղափոխելով հիվանդին հոսպիս` հարազատը ինչ-որ տեղ մեղքի զգացում է ապրում¸ այնուհանդերձ հոսպիսն ազատում է ընտանիքի անդամներին հոգեկան տրավմաներից»¸- մեզ հետ զրույցում նշեց Վլադիմիր Միքայելյանը: Հոգեբանի կարծիքով` չնայած այն հանգամանքին¸ որ մեր ազգային մտածելակերպով մենք ուզում ենք հիվանդին իր կյանքի վերջին օրերին տանը պահել¸ մենք պետք է փորձենք մտածել¸ թե ինչպես լավ կլինի նաև հիվանդի համար: