News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարական պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ է իրականացնում Վաշինգտոնում՝ քննարկելով Վրաստանում իրականացված բարեփոխումների հարցն ու այս տարվա անելիքների պլանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վրացական պետության ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն.
«2009 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև կնքված Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում Վաշինգտոնում տեղի են ունեցել ժողովրդավարական համագործակցության ու զարգացման խմբի հանդիպումները: Օրակարգում քննարկվում են Վրաստանում արդեն իսկ իրականացված աշխատանքներն ու բարեփոխումները:
Վրացական պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Աշխատանքային խմբի հանդիպումների ժամանակ էլ կարող է հստակեցվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրացական այցի ստույգ ժամկետի ճշգրտման հարցը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել էր, թե Քլինթոնը Վրաստան է այցելելու 2012 թվականի գարնանը: Ի դեպ, Քլինթոնն իր արևելաեվրոպական շրջագայության շրջանակներում Վրաստան է այցելել 2010 թվականի հուլիսին: