Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր հնարավոր հակառակորդների, Հայաստանում բռնցքամարտի զարգացման ուղղությամբ իր ծրագրերի, անձնական կյանքի մասին:
«Ֆարիասի դեմ մենամարտն ավելի հեշտ էր, իսկ վերջին մենամարտը լեհ մարզիկի հետ ավելի բարդ էր: Չպետք է մոռանալ, որ նա Եվրոպայի չեմպիոն է եղել: Հաջորդ մենամարտս կլինի Ջորջ Գլոբս – Ռոբերտ Շտիգլից հանդիպման հաղթողի հետ` օգոստոսին: Իմ կարծիքով Շտիգլիցը կհաղթի, քանի որ գերազանցում է իր հակառակորդին»:
Աբրահամը խոսեց նաև Պյոտր Վիլշևսկու` մենամարտից հետո արած արտահայտությունների մասին: Լեհ մարզիկը հայտարարել էր, որ Արթուրն արգելված հարվածներ էր հասցնում իրեն:
«Սա բռնցքամարտ է: Չես կարող միշտ դիպուկ հարվածել: Ես նույնպես հարվածներ ստացա ծոծրակիս, մեջքիս, բայց խոնավ ձեռնոցներով մենամարտելու պայմաններում դա նորմալ եմ համարում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ բռնցքամարտը նաև բիզնես է: Չես կարող բոլորին նոկաուտի ենթարկել, քանի որ հակառակորդդ տանձիկ չէ:
Հայաստանի հետ կապված ծրագրեր նույնպես ունեմ` բռնցքամարտի զարգացման նպատակով: Ներքին Չարբախում կբացենք մշակույթային, լեզվի կենտրոններ: Այդ ծրագրերն իրագործելու համար մեզ տարածք է հատկացվել:
Անձնական կյանքում անակնկալ կա: Սակայն դրա մասին հիմա չեմ խոսի: Առուն թռնենք, նոր ասենք հոպ»: