Հունվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը՝ Գրիգոլ Վաշաձեին:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրա-տնտեսական փոխգործակցության հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, համոզմունք հայտնելով, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես միշտ, հայ-վրացական բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչություն