Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր առավոտյան ժամանել է Մազանդարան նահանգ: Այստեղ նա մասնակցելու է երկրի չորացող շրջանները Կասպից ծովի ջրերով ոռոգելու խոշոր նախագծի հիմնարկեքին: Այդ նպատակով Կասպից ծովից ջրանցք է կառուցվելու դեպի Սիմնան, Յազդ, Քերման նահանգներ:
Նախագծով նախատեսված է երկրի կենտրոնական նահանգներ հասցնել 500 միլիոն խորանարդ մետր ծովի ջուր: Առաջին փուլում նախատեսված է կառուցել ծովի ջրի աղազրկման գործարան, որի հզորությունը կազմելու է 200 միլիոն խորանարդ մետր: Ապա ստացված քաղցրահամ ջուրը խողովակաշարերով կուղղվի Սիմնան, Ղոմ և Սպահան:
Տվյալ նախագծի իրագործման պատասխանատվությունը դրված է Իսլամական հեղափոխության պահակազորի շինարարական ստորաբաժանման վրա:











































