Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանը «նվեր» է ստացել «Վեցյակից»՝ նկատի ունենալով ժամանակ շահելու հանգամանքը.
«Իմ անձնական տպավորություններով՝ Իրանին նվեր է մատուցվել: Իրանը ստացել է 5 շաբաթ, որպեսզի առանց որևէ սահմանափակման շարունակի ուրանի հարստացումը: Ես կարծում եմ, որ Իրանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ուրանի հարստացման դադարեցման ուղղությամբ, երկրի սահմաններից դուրս բերի ողջ հարստացված ուրանը և ապամոնտաժի Ղոմի միջուկային օբյեկտը»:
Իսկ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ու Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին հայտարարել է, որ իրենք գոհ են մնացել շաբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցություններից:
Նա ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ գրանցվել է առաջընթաց՝ հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպումը կլինի ավելի արդյունավետ:
Հիշեցնենք, որ ստամբուլյան բանակցությունները տևել են 10 ժամ, և կողմերը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել մայիսի 23-ին Բաղդադում:










































