Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում այսօր տեղի ունեցած ռազմական երթի ժամանակ ցուցադրել են մի նոր հրթիռ: Հրթիռը, որը ներկայացվել է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ կրկին միջազգային անհանգստության պատճառ կդառնա:
The Washington post-ը տեղեկացնում է, որ տոնակատարությունները տեղի են ունենում երկու օր անց այն բանից, երբ Հյուսիսային Կորեան հրթիռ էր արձակել, որը, սակայն, նպատակակետին չէր հասել:
Ճապոնիայի և Հարավային Կորեայի ռազմական վերլուծաբանները հայտնում են, որ այսօր ներկայացված հրթիռը նոր է ու, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ, քան նախկինում ցուցադրվածները: Նրանք հայտնել են, որ անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություն կատարել՝ հրթիռի իրական բնույթն ու նպատակը պարզելու համար:
Մեծ թվով հյուսիսկորեացիներ երթի ժամանակ ասել են, որ իրենք առաջին անգամ էին տեսնում հրթիռը:










































