Այսօր Երևան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս այցը հետաքրքրական է նրանով, որ դրա մասին նախապես չէր հայտարարվել շաբաթներ առաջ, ինչպես տեղի է ունենում սովորաբար: Ավելին, Սաակաշվիլիի հնարավոր այցի մասին, ընդ որում` փետրվարի ժամկետով, առաջին անգամ գրեց ռուսական մամուլը` «Վզգլյադը», նույնիսկ նշելով այցի պատճառները` Հայաստանի ձեռնարկատերերի կողմից վրացական բրենդների օգտագործման խնդիր: Բայց ինչպես տեսնում ենք, Սաակաշվիլին ոչ թե փետրվարին է գալիս, այլ գալիս է այսօր: Ընդ որում` գալիս է բավական հետաքրքրական երթուղով, և ըստ էության բավական հետաքրքրական մի ժամանակաշրջանում: Նա գալիս է Միացյալ Նահանգներից, ուր այցելել էր օրերս: Հայաստանը, փաստորեն, երկրորդ երկիրն է, ուր Սաակաշվիլին այցելում է. Նահանգներ, իսկ մի քանի օր անց` Հայաստան: Եվ հետաքրքրական է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որում կայանում է այցը: Խոսքը ներքաղաքական նոր ֆենոմենի` Կարապետիչի «հեղափոխականության» մասին է: Այդ համատեքստում հատկապես հետաքրքրական է դառնում այն, որ երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի հետ է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և քննարկել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ն այս օրերին Սաակաշվիլիի միջոցով ինչ-որ մեսիջներ է փոխանցում իշխանությանը, իսկ դեսպան Յովանովիչի միջոցով ինչ-որ մեսիջներ է փոխանցում Հայ ազգային կոնգրեսին: Արդյոք պատահակա՞ն է այդ ամենի ժամանակագրային համադրությունը: Քաղաքականության, այն էլ այդ մասշտաբի քաղաքականության մեջ պատահականություններ, ըստ էության, չեն լինում: Ըստ երևույթին, Հայաստանում այս օրերին տեղի են ունենում բավական լուրջ թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային նշանակության խմորումներ: Դժվար է միարժեք ասել, թե ինչ ժամանակահատվածում դրանք կհասունանան, ինչ ձև կընդունեն և երբ կեփվեն ու պատրաստ կլինեն հրապարակային մատուցման, բայց որ տարեմուտի խոհանոցային ակտիվությունից հետո բավական սրընթաց կերպով ակտիվացել է հայաստանյան քաղաքական խոհանոցը` կարծես թե աներկբա է: