2010թ-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը վարչական պատասխանատվության է ենթարկել 44 քաղաքացու: Նրանց կողմից բնությանը հասցված վնասի չափը կազմել է 2 մլն 760 հազ. դրամ։ Տուգանվել են նաև մարզի մի շարք օրինախախտ ձեռնարկություններ, որոնց նկատմամբ կիրառված տուգանքներն ավելի խոշոր են: Հետաքրքիր է, բայց տեսչությունը չի նշում այդ ձեռնարկությունների անունները։ 2010-ին տուգանվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացի: Նրանց կողմից առաջացված ճանապարհա-տրանսպորտային վթարների հետևանքով վնասվել են մայրուղու եզրերի ծառերը։ Վնասն արդեն փոխհատուցվել է. պետբյուջե է վճարվել 4 մլն 480 հազար դրամ։ Եղել են նաև ձկնագողության և որսագողության դեպքեր. առգրավվել է 1 ինքնաձիգ և 2 երկփողանի որսորդական հրացան։ Այս առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Շիկահողի» պետական արգելոցում նույնպես հայտնաբերվել են որսի կանոնների խախտում. 3 հոգի ենթարկվել են 30 հազարական դրամի վարչական տուգանքի։Ջրերի աղտոտման 4 դեպք է արձանագրվել։ Սյունիքում անցած տարի ապօրինի հատվել է 317 ծառ։ Ի դեպ, 6 ծառ հատվել է դեկտեմբերի 30-ին: Չնայած արձանագրված դեպքերին` վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնապահպանական խախտումների թիվը Սյունիքում տարեցտարի նվազում է։