ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը կստորագրեն երկու համաձայանգիր, որոնց շրջանակում վերջինս աջակցություն կտրամադրի նախարարության «Կենսաթոշակային իրազեկումն ու ֆինանսական կրթությունը Հայաստանում» և «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը Հայաստանում» ծրագրերի մի շարք բաղադրիչների իրականացման համար:
Համաձայնագրերը կստորագրեն ՀՀ ԱՍՀ նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման:
1.Կենսաթոշակային բարեփոխումների հաջողության հիմնական գրավականներից մեկն այն է, որ շահառուները` ներկայիս և ապագա կենսաթոշակառուները, խորությամբ ծանոթանան համակարգին, կենսաթոշակի կուտակման և ստացման տարբերակներին, զարգացնեն կենսաթոշակային հաշիվները կառավարելու իրենց ունակությունները: Գրագետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են բազային և կիրառական գիտելիքներ ֆինանսների մասին ընդհանրապես և կենսաթոշակային համակարգի մասին` մասնավորապես:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով հիմնադրվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը (ԿՀԻԿՀ), և վերջինիս առջև խնդիր է դրվել իրականացնելու կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման և ֆինանսական գրագիտության բաղադրիչը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների, արդարադատության նախարարությունների, Կենտրոնական բանկի, ՀՀ Կառավարության աշխատակազմի և Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ:
Սույն Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ԱՍՀՆ-ին ԿՀԻԿ հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012թ. ընթացքում իրականացնելու հանրային իրազեկման արշավներ և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ:
2.ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի Կառավարությանն ընտանեկան բռնության ենթարկված կանանց մատուցվելիք ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:
Որպես տվյալ նախաձեռնության առաջին քայլ նախարարությունն առաջարկել է քարտեզագրել առկա ծառայությունները, առաջարկել գործողություններ դրանք հզորացնելու համար, ինչպես նաև մշակել իրավական նորմեր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց համակարգված աջակցություն ցուցաբերելու համար: Համատեղ իրականցվելիք Ծրագիրը կնպաստի բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու հզորացմանը և գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու նրանց տրամադրվող ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Գործընթացի լիարժեք կազմակերպումը կարևոր է նշված սոցիալական խմբի նկատմամբ ճիշտ սոցիալական քաղաքականություն վարելու և պետական ծրագրերով համապատասխան միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար:










































