ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է 13 էջից բաղկացած պարզաբանում`www.iditord.org համացանցային կայքում Աջափնյակի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի կողմից ընտրացուցակների վերաբերյալ հրապարակված մի շարք տեղեկությունների առնչությամբ:
Ոստիկանությունը յուրաքանչյուր բարձրաձայնված խախտման վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել: Ստորև ներկայացնում ենք մի քանի պարզաբանում.
Օրինակ Աջափնյակի ՀԱԿ գրասենյակից հաղորդագրություն է ստացվել, որ ընտրացուցակի մեջ ընդգրկված է Սիսակյան 16 շենքը, որը քանդված է, գոյություն չունի: Այդ քանդված շինությունում գրանցված է թվով 27 անհայտ ընտրող:
Ոստիկանությունը պարզաբանել է. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան փ. 16 և 22 շենքերը ապամոնտաժված են, բնակիչների գտնվելու և բնակվելու վայրը հայտնի չէ: ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն բնակելի տարածության ապամոնտաժումը քաղաքացուն հաշվառումից հանելու հիմք չէ: Անձնագրային ծառայությունը, նշված դեպքում, առանց քաղաքացու դիմումի իրավասու չէ վերջինիս հանելու հաշվառումից»:
Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբի հայտնած մեկ այլ հաղորդագրության համաձայն, Մարգարյան փ. 20/3շ. բն.40-ի բնակիչ Ասիա Մելիքյանը մահացած է:
«Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` Ասիա Ավագի Մելիքյանը մահացած չէ և բնակվում է նշված հասցեում»:
Կամ էլ Արզումանյան փ. 16/1 բն. 5 բնակիչ, ընտրող` Նելլի Դավթյանը մահացած է: Ոստիկանությունն այս անգամ էլ պարզել է, որ Ն. Դավթյանը մահացած չէ, շուրջ 6 տարի (մինչ օրս) բնակվում է Արզումանյան փ. 16/1 թիվ 5 բնակարանում:









































