Կոչ անելով քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, բացի իշխող ՀՀԿ-ից և նրա կցորդ «Օրինաց երկրից», ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է կոալիցիոն դաշտը բաժանել երկու մասի, սակայն նրա նախանշած բաժանումը հասարակական ընկալումներում շատ դժվար է պատկերացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ստանձնել է ԲՀԿ քարոզչի դերը, դա իր գործն է»,- ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ պատասխանատու քաղաքական ուժի դերում է եղել, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գործը եղել է պետականության հիմքերին հարվածելն ու դրանք թուլացնելը: «ՀՀԿ-ի ու Տեր-Պետրոսյանի մոտեցումները միշտ հակադիր են եղել: ՀԱԿ-ն այլևս անկարող է հենվել հասարակական վստահության վրա և այժմ փորձում է պատկերն աղավաղելու ճանապարհով երկիրը տանել ցնցումների, ինչը նրանց չի հաջողվի: Հասարակությունը հինգ տարի առաջ տեսավ, թե իրականում ով ինչ մութ նպատակներ ունի և երկրորդ անգամ չի սխալվի»,- համոզմունք հայտնեց Արտակ Զաքարյանը:
Նշենք, որ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Եղվարդում նախընտրական հանրահավաքի ժամանակ ժողովրդին կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, բացի իշխող ՀՀԿ-ից և նրա կցորդ «Օրինաց երկրից»: Նրա խոսքով` ինքը համաձայն է, որպեսզի իշխանությունը երկրում անցնի ՀՅԴ-ին, անգամ կոմունիստներին, բայց ոչ ՀՀԿ-ին: