Երբ փոքր էի, Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմը դիտելիս միշտ զարմանում էի Ֆրունզի՝ Արուսի երրորդ որդու սև թուղթը ծամել-ուտելու դերասանական մեծ վարպետության, խորը վշտի վրա, հիմա է՛լ չեմ զարմանում…
Թեև ժամանակները փոխվել են, թեև, փառք Աստծո, պատերազմ չէ, և արդեն փոստատարի փոխարեն խաղաղ պայմաններում զոհված, հիվանությունից մահացած զինվորի բոթը հայտնում է Պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրության տեսքով, սակայն զոհված զինվորի տուն, զոհված զինվորի գյուղ կամ բնակավայր գնալիս ապրումները մի տեսակ «հին օրերի երգի» նման են ստացվում: Նախընտրական քարոզարշավի այս թոհուբոհի մեջ կարծես անուշադրության են մատնվել զոհված, սպանված, հիվանդությունից մահացած զինվորների անունները: Հայկ Ղազարյանը նրանցից մեկն է, որը Վաղարշապատի զինկոմիսարիատից էր զորակոչվել բանակ և աշնանը պետք է զորացրվեր: Բաղրամյան գյուղը, որտեղ ապրել է Հայկ Ղազարյանը, սգի մեջ է: Նրան սիրում էին բոլորը և սրտի թրթիռով սպասում վերադարձին:
Հայկ Ղազարյանը մահացել է ապրիլի 7-ին, Սիսիանի հոսպիտալում: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախնական տվյալներով, Հայկ Ղազարյանը մահացել է մենինգիտից` մենինգոկոնգցեմիա կայծակնային ձև ախտորոշմամբ: Հիմա դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել, հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 376-րդ հոդվածի հատկանիշներով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:
Ընտանիքում մի քույր և եղբայր էին: Հայկը քեռու որդու հետ նույն զորամասում է ծառայել, իսկ դրանից առաջ էլ հորեղբոր որդին` Սեդրակն է ծառայել նույն զորամասում և ավելի վաղ է զորացրվել: Սեդրակի պատմելով՝ նորմալ զորամաս է եղել: Վերջին անգամ Սեդրակը Հայկին զանգել է մահից երկու օր առաջ, սակայն նրա փոխարեն հեռախոսին պատասխանել է ինչ-որ մեկը, որը ասել է, թե Հայկն ավելի ուշ կզանգի, սակայն երկու օր հետո տեղեկացել են նրա մահվան մասին: Հայրը, հորեղբայրը որևէ բան չմեկնաբանեցին, անգամ չասացին՝ երբ են վերջին անգամ խոսել, վիշտը խորն է, անդառնալի, միայն ասացին, որ վերքի վրա աղ չլցնեմ, կատարվում է փորձաքննություն և պետք է սպասել փորձաքննության արդյունքներին:
Սկզբում Հայկ Ղազարյանն իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ, երկու օր տեսնելով ինքնազգացողությունը չի լավանում, պատրաստվել են Երևան տեղափոխել, սակայն ճանապարհին Հայկ Ղազարյանը մահացել է:









































